ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Էրդողանը ցայտնոտի մեջ է»

«Էրդողանը ցայտնոտի մեջ է»
17.04.2015 | 00:17

Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված պատարագը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Մեզանում առավել շատ խոսվեց պապի ելույթում հնչած «ցեղասպանություն» բառի կարևորության մասին: Տասնհինգ տարի առաջ նույնն ասաց նաև Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը, սակայն ճանաչման գործընթացում էական ոչինչ տեղի չունեցավ: Պատարագը հիրավի ազդեցիկ էր ու հրաշալի, բայց արդյո՞ք չենք գերագնահատում պապի ելույթի այդ հատվածը: Այս հարցն ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

-Այո, «ցեղասպանություն» բառը ժամանակին շեշտել է նաև Հովհաննես Պողոս 2-րդը,- ասաց պարոն Բաղդասարյանը:- Այս անգամ ավելի էական էր պատարագի էությունը` ուղղված ողջ քրիստոնյա, կաթոլիկ աշխարհին: Ազդեցիկ էր նաև պատարագի ներկայացուցչականությունը: Ոչ միայն հոգևոր աշխարհն էր ներկա, այլև միջազգային դիվանագիտական կորպուսը, մարդիկ` անկախ ռասայից: Սա լուրջ հայտ էր, ձեռնոց` նետված Թուրքիային, բաց ենթատեքստով մեղադրանք, որ հաջորդ բոլոր ցեղասպանությունների մեղավորը դուք եք, քանի որ ցեղասպանության հիմքը դուք դրեցիք: Մեղադրանք էր նաև միջազգային հանրությանը, որ անտարբեր եղաք, չճանաչեցիք հայերի կոտորածը, որ կանխվեին հետագա ցեղասպանությունները: Պատահական չէին Հիտլերի բառերը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»: Այս պատարագը նոր երևույթ է, և պատահական չէ, որ թուրքերի վայնասունն այս անգամ մեծ չափերի է հասնում:
-Այդ «վայնասունի» արձագանքը չէ՞ր, որ Էրդողանը Հռոմի պապի ասածը «զառանցանք» համարեց:
-Ես չեմ հրճվում, որ Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները լարվում են: Համենայն դեպս, սա Էրդողանին ուղղված սթափության կոչ էր: Հռոմի պապին միացան նաև թուրքական, իսլամական աշխարհի մտավորականության ներկայացուցիչները, ինչը մեծ իրադարձություն է: Այսօր Էրդողանը ցայտնոտի մեջ է ու չի կարողանում փախչել պատմությունից: 100 տարվա ընթացքում, համոզված եմ, այս տիպի միջոցառում չի եղել, Վատիկանի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, բոլորն աղոթում էին, երբ հնչում էր «ցեղասպանություն» բառը:
-Ենթադրենք, այս գործընթացներից հետո հինգ կամ տասը երկիր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը:
-Մեր վերջնական նպատակն այն է, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման տակ հասկանա, որ պատասխանատու չէ երիտթուրքերի կատարած ոճրագործության համար: Այս կոչն է անում նաև թուրք մտավորականությունը` պնդելով, որ պետք է անցյալի «մուրը» մաքրել սերունդների ճակատից: Մենք ասում ենք` պետք է ճանաչել անցյալը, հարգել հայ ժողովրդի պահանջատիրությունը, որից հետո պատրաստ ենք պատմության նոր էջ և հարևանի առաջ դռներ բացելու: Թուրքիան չի կարողանալու փախչել այս ճնշումից: Իրավիճակը փոխվել է` հայերը ոչ թե խղճահարության ձայն են բարձրացնում, այլ պահանջատիրոջ կարգավիճակով են ներկայանում: Իր պատմության հետ հաշվի նստելու փոխարեն Թուրքիան նույն օրը Գալիպոլիի ճակատամարտում տարած իր հաղթանակն է նշում, ինչը հարված է ամբողջ քրիստոնյա աշխարհին, անարգանք ու արհամարհանք մեր զոհերի հիշատակին:
-Բայց նույն աշխարհին ոչինչ չի խանգարում բարձր մակարդակով մասնակցելու Թուրքիայի այդ միջոցառմանը:
-Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունն ամբողջությամբ շահ է: Մենք չենք կարող Ռուսաստանին, ԱՄՆ-ին, մյուսներին քաղաքականություն պարտադրել: Աշխարհը Թուրքիայի հետ ի՛ր քաղաքականությունն է վարում, մեզ մոտ էլ գալիս է պատմությունը վավերացնելու:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ